Լոս Անջելես, ԱՄՆ – Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) պահանջում է Ադրբեջանի կառավարությունից թույլ տալ մի շարք նշանավոր միջազգային իրավաբանների այցելել Բաքու` մասնակցելու և հետևելու հայ բանտարկյալների առաջիկա դատավարություններին, որոնք նախատեսված են սկսվել 2025 թվականի հունվարի 17-ից:
«Այս բանտարկյալներն ապօրինի են պահվում նախնական կալանքի տակ, հորինված մեղադրանքներով՝ առանց հասանելի իրական իրավական ներկայացուցչության: Նրանք գրեթե չեն կարողանում կապվել ընտանիքի անդամների հետ: Միջազգային դատական դիտորդները անհրաժեշտ են, որպեսզի Ադրբեջանի դատական համակարգը պատասխանատու լինի ակնկալվող փակ և գաղտնի դատավարությունների համար»,- ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը:
Դատավարությունները վերաբերում են Արցախի ութ ռազմաքաղաքական ղեկավարներին, որտեղ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել տասն ամիս տեւած շրջափակումից հետո, որին հաջորդել է ռազմական ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերին, ինչի արդյունքում 120,000 հայեր բռնի տեղահանվել են Հայաստան: